Բուն բարեկենդան

Ծեսի օրը՝ փետրվարի 5-11

Անցկացման վայրը՝ …
Սկիզբը՝ ժամը 11։00-ին
Մասնակիցներ՝ 2-5 տարեկաններ, 5-6 տարեկաններ, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր

Ծրագրում՝

Ահա եկավ հայոց ազգին օրերը,
Հանեցեք հիները, հագեք նորերը:
Բարեկենդան, փորեկենդան,
Բարեկենդան օրեր է,
Խելքս գլխես կորեր է…
Բարեկենդանը հայկական հին տոներից է: Դա հայերի ամենաուրախ տոնն է եղել: Մարդիկ երկու շաբաթ կերել-խմել են, երգել, պարել, ուրախ խաղեր են խաղացել, դիմակահանդեսներ են կազմակերպել: Այդ տոնից հետո պասն է սկսվել. մարդիկ չեն կերել այն, ինչ կենդանիներից են ստացել` յուղ, միս, ձու, կաթ, մածուն:
Բարեկենդանին փոքրերը մեծի հագուստ էին հագնում, տղաները` աղջկա, ոմանք ծաղրածու էին դառնում: Հաճախ մեկին թարս նստեցնում էին էշին, պոչը տալիս ձեռքը և ծաղրում.
-Ճամփա էշի պարոնին,
Անբեղն է գալիս, ճամփա տվեք:
Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:
Բարեկենդանի հերոսներից էին ձեռնափայտին հենված ծերուկը, կուզիկ զոքանչը, հաստափոր ու ագահ տերտերը, նոզայը, փայտե ուղտը:
Տոնական օրեր, տոնական եռուզեռ
Երեխաները, դաստիարակն ու ծնողները պատրաստում են տարբեր դիմակներ (կենդանիների, թռչունների, մրգերի, բույսերի և այլն): Պատրաստում են «ուղտ խաղացնելու» համար փայտի վրա ամրացված ուղտի գլուխ`«Բարեկենդանի» կարևոր խորհրդանիշերից մեկը:

Բացի դրանից պատրաստում են`

  • երկու տիկնիկ`հարսի և փեսայի
  • Նոզայի դիմակ

Դաստիարակը կազմակերպում է փոքրիկ խաղեր, խաղ-ներկայացումներ` նշված կերպարներին ծանոթանալու, կերպարների առանձնահատկությունները ընկալելու, ասույթները սովորելու և հասկանալու համար, որ ծեսի ժամանակ իրենց անելիքն իմանան, հասկանան: Գոմշակռիվ և աքլորակռիվ են խաղում։
Դաստիարակը ինքը կարող է Մեծ տատ դառնալ, որ տոն- խաղը կազմակերպի:

Ծրագրային ընթացիկ աշխատանքներ

  • Սկսում են տարատեսակ դիմակներ պատրաստել
  • Զվարճալի լուսանկարների ցուցահանդես՝ ուսուցիչներ, սովորողներ, ծնողներ
  •  Էլեկտրոնային նյութեր են պատրաստում՝ Բարեկենդանի, դրա կերպարների մասին
  • Համեղ կերակուրների բաղադրատոմսեր և պատրաստում
  •  Մանակախաղերի, ազգային խաղերի նկարահանումներ

Ընտանեկան նախագծեր՝

  • Մեր մանկության խաղերը
  • Հեքիաթասաց տատ ու պապ
  • Բարեկենդանի համով-հոտով ուտելիքներ
  • Ընտանեկան ուրախ ներկայացումներ
  • Ուրախ, ծիծաղելի լուսանկարներ
  • Բարեկենդան հեքիաթի բեմականացում, ռադիոբեմադրում
  • Երգ-պարերի ուսուցում և բեմադրում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *